Վազգեն Սարգսյան | Լիլիկի Գուգոն

20 տարի առանց Վազգենի

Հազար ասինք, միլիոն ասինք. «Գուգո, պահակությունը քո բանը չէ, քո տեղը կոլխոզն է, դունդուկ»: Չլսեց: Ասում էին՝ կինն է այդպես ցանկացել: Ասում էին՝ չի ուզում կոշտուկոպիտ ձեռքերով ամուսին ունենալ: Չար լեզուներն էլ ասում էին՝ Գուգոյի պահակությունն այնքանով է կնոջը ձեռնտու, որ օրումեջ Գուգոն գիշերներն է հերթապահում… Շատ բան էին ասում, մեղքն ու վարձքը ասողների վիզը, բայց, որ տասը տակ ներկվող, շքերթի ձիու նման շորորուն, շոռաչք այդ կինը հեչ մեր խեղճուկրակ Գուգոյի բանը չէր՝ դա հաստատ է: Ասինք՝ Գուգո, էդ կրակը ոնց ես չորս պատի մեջ պահելու, որ գյուղը չհրդեհի, դունդո՜ւկ… Կամ՝ ծուռը նստենք, շիտակ խոսենք. քո ինչի՞ն հավանեց, Գուգո ջան, որ իր փափուկ-շքեղ-ճռճռան քաղաքը թողեց ու հետևիցդ ընկած՝ գյուղ վազեց… Մեր գործը չէ՞… Քեզ ձե՞ռ է տալիս, մեզ ձեռ կտա ու կտա, թե մեկ էլ կասենք, ասա՝ էրկուս: Մենք ներողություն:


Գուգոն, ուրեմն, իրեն սնած-պահած կոլխոզից դուրս եկավ ու կողքի բանավանի ավտոպարկում կարգվեց պահակ: Աշխատավարձն էլ ստանում էր ոչ ավել, ոչ պակաս՝ շրջկենտրոնի միլիցիայի բաժնի դրամարկղից, ա՜յն դրամարկղից, որտեղից իրենց աշխատավարձերն էին ստանում շրջանի բոլոր ավտոտեսուչները, քննիչներն ու հենց ինքը՝ միլպետը: Յուրաքանչյուր ամսվա վերջի այդ օրերը Գուգոյի համար ամենալավ օրերն էին, Նոր տարվա ու Մայիսի 1-ի օրերից էլ լավ օրեր էին: Հագած-կապած, մազերը թրջած-սանրած մոտենում էր դրամարկղին ու ցնծում էր հոգին սեփական արժանապատվության զգացումից: Առաջ ո՞վ էր իրեն ճանաչում: Իրենց գյուղում, անգամ, իր գոյությունը շատերին անհայտ էր: Իսկ հիմա՞… Անցյալ անգամ շրջկենտրոնից գյուղ գնացող ավտոբուսին էր սպասում, մեկ էլ կաշվի-բրդի պահեստապետ Սերոժի սև «Վոլգան» ճռռալով կողքին կանգնեց. «Նստիր, ախպերացու»: Նստեց ու մտածում էր, թե իրեն երևի ուրիշի տեղ են դրել: Հետո պարզվեց, որ չէ, այ ընկեր, ինքն էդ ումի՞ց է պակաս, իրեն հենց իր տեղն էլ դրել են: «Դու Լիլիկի մարդը չե՞ս»,- հարցրեց Սերոժն, ու Գուգոն հասկացավ, որ ինքն էլ, ուրեմն, անունի տեր է դառնում, ճանաչման տեր է դառնում էս շրջանում:


«Դուք ի՞նչ եք հասկանում կյանքից,- իր նախկին ընկերներին ասում էր Գուգոն,- դուք ի՜նչ եք տեսել ձեր կյանքում»: Գուգոյի ետևից ծիծաղում էին, բայց Գուգոն մի օր տարավ-բերեց ու թաղայինին ասաց. «Դե գնա, ես քո մերը»: Հաստատ կնստեցնեին, թե Լիլիկն անձամբ միլպետին չխնդրեր. Գուգոյին չթողներ ընդունարանում, ինքը շորորալով կաբինետ չմտներ ու կես ժամում բոլոր հարցերը չլուծեր:


Թաղային Խաչիկը հայտնվեց մեկ էլ պտուղ-բանջարեղենի խանութում: Կաղամբից ու կարտոֆիլից բացի Գուգոն ջինսից շալվարներ էր ծախում: «Սպեկուլյացիա՞»,- ասաց Խաչիկը: «Տո, հենց սպեկուլյացիա,- տղամարդավարի պատասխանեց Գուգոն,- բա՞ն ունես ասելու»: Խաչիկն էլ, թե՝ «Գնա, գնա ղուրբան եղիր, հիմա ասել էի, թե ում ինչին, հա՜…»: Գուգոն էլ, թե՝ «Դե գնա, ես քո մերը»: «Ասա, ասա, ձենդ տաք տեղից է գալիս»,- տնքաց Խաչիկն ու ամեն բան այսքանով ավարտվեց:


Գուգոն արդեն Աստծուն ասպատուր էր ասում: Հինգ-վեց տարվա մեջ, շարքային կոլտնտեսականից Գուգոն դարձավ մթերման գրասենյակի վարիչ, թագավոր, աղա տղա, գործ սարքող-գործ դզող, ծանոթ հարսանիքների փնտրված քավոր, ռեստորաններում իր սեղանն ունեցող լոթի, ամենուր հարգվող, ամենուր ձայն ունեցող հեղինակություն: Բոլոր հողագործները Գուգոյի աչքում «ռամիկներ» էին, բոլոր մտավորականները՝ «թուղթ մրոտողներ», և միայն ինքն էր Գուգոն՝ ամենակարող, ամենագետ, ամենա-ամենա-ամենա… Հինգ-վեց տարվա մեջ Գուգոն այնպես փոխվեց, որ հարազատ մայրը, անգամ, չէր կարողանում ճանաչել որդուն: Գուգոյի համար գոյություն ուներ մի հեղինակություն, մի ծնող, մի Աստված՝ Նա: Իսկ Լիլի՞կը… Լիլիկը Գուգոյի պահապան հրեշտակն էր, որ իր փեշի տակ պահում-պաշտպանում էր ամուսնուն ամեն ինչից ու ամեն մեկից: Ինչ էլ որ աներ Գուգոն, ինչ էլ որ լիներ, մեկ է, մնում էր որպես Լիլիկի Գուգո: Դրսում ասլան, դրսում թագավոր, տանը Լիլիկի ճորտն էր Գուգոն: Գիշերները, երբ Լիլիկը քնած էր լինում, պատահում էր՝ Գուգոն կամացուկ քաշում էր վերմակը կնոջ վրայից և չռված աչքերով հիանում էր նրա փարթամ, ճերմակ մարմնով: Այդ պահերին նույնիսկ արցունքներ էին հայտնվում Գուգոյի աչքերում, երջանկության արցունքներ: «Մի՞թե այս ամենն իմն է»,- մտածում էր Գուգոն, ու հավատը չէր գալիս: Դողդողացող ձեռքը առաջ էր պարզում, որ շոշափի, շոյի ճերմակ մարմինը, բայց մատով իսկ դիպչել, Լիլիկի քունը խանգարել ոչ մի կերպ չէր համարձակվում…


*

* *


Անիծվեր էն սև գիշերը, որ տուն չէր գալու, բայց եկավ Գուգոն, ոչ բարով գար: Դեռ աստիճանների վրա, որ կնոջը հանկարծ չարթնացնի, Գուգոն հանեց կոշիկները, ոտնաթաթերի վրա մոտեցավ դռանը, դուռը ներսից կողպված ու բանալին էլ անցքի մեջ էր թողնված: Խոհանոցի լուսամուտից սուսուփուս ներս սողաց Գուգոն: Այս ամենն այնպիսի երկյուղածությամբ, այնպիսի զգուշությամբ կատարեց, որ կողքից նայողին կարող էր թվալ, թե գող է մտնում Գուգոյի տուն: Գուգոն, ուրեմն, սողաց խոհանոց, որ խոհանոցում էլ սուսուփուս քնի, չարթնացնի Լիլիկին, բայց այդ պահին ոնց որ մեկն ասեր. «Գուգո, Գուգո, հլա դիմացդ նայիր, այ էդ տղամարդու կոշիկները, որ տեսնում ես, դրանք, իբր, քո կոշիկներն են: Հիմի պահարանի դուռը բաց արա… ա՜յ ապրես. էդ կոստյումն էլ, իբր, քո կոստյումն է, Գուգո: Կամա՛ց, կամա՛ց… մոտեցիր ննջարանին, մի քաշվիր, էդ ննջարանն, իբր, քո ննջարանն է: Հիմի դուռը բաց արա, արագ, վախենո՞ւմ ես, մի վախեցիր, բա դու հե՞չ տղամարդ չե՞ս, դե՛, բաց արա՝ երե՜ք-չո՜րս… Կեցցե՛ս, Գուգո: Այ, էդ մերկ կինը, որ ճչալով նստեց անկողնում, իբր, քո կինն է, Գուգո, իսկ էդ տղամարդը, որ ձեռքը հազիվ փախցնելով կնոջդ կրծքից՝ կուչ եկավ վերմակիդ տակ՝ իբր դու ես, Գուրգենչիկ ջան, իբր դու ես…»:


- Կսպանեմ,- մռնչաց Գուգոն,- կոկորդն ատամներով կկտրեմ, արունը կխմեմ,- ոռնաց Գուգոն, իրեն նետեց դեպի անկողին ու… ու թուքը հանկարծ չորացավ Գուգոյի բերանում, ծնկները ծալվեցին, Գուգոյի դեմքը հանկարծ այնպիսի արտահայտություն ստացավ, ասես, ոչ թե ինքն, այլ իրեն էին բռնել ուրիշի կնոջ ծոցում: Երկու քայլ ետ արեց, յուղոտ ժպիտը լղոզվեց դեմքին, ու՝ ինքն անհասկացող, տգետ գյուղացի էր, ամեն ինչ տեսնում, բայց ոչինչ չէր հասկանում, ծափ զարկեց ու իրենց գյուղի բարբառով, միամիտ-միամիտ, հյուրասեր-հյուրասեր ծոր տվե՞ց, երգե՞ց.


- Էս ո՞վի էկի մեր տունը, պա-րովի էկի մեր տունը…


Անկողնու միջից հայրաբար Գուգոյին ժպտում-ներում էր ՆԱ:


Մեկ ամիս անց Գուգոն դարձավ փոքրիկ հիմնարկության դիրեկտոր: Ասենք՝ շնորհավոր:


Լուսանկարը՝ Գերման Ավագյանի